«Փաստ» օրաթերթը գրում է
Այն, որ Ադրբեջանը ոչ մի պայմանավորվածություն չի կատարում, այդ թվում՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ո՛չ նորություն է, ո՛չ զարմանալի։ Այդ երկրից ու ռազմական հանցագործ իր ղեկավարից այլ բան դժվար է սպասել: Վերջինս բացեիբաց ցույց է տալիս,
որ իրենց նպատակն Արցախի վերջնական հայաթափումն է։ Դրա համար էլ Ալիևը հայտարարել էր, թե Լաչինի միջանցքը բաց է, ով չի ցանկանում ապրել Ադրբեջանի իրավասության տակ, կարող է հեռանալ։ Միայն բթամիտների համար կարող է պարզ ու հասկանալի չլինել, որ արցախցիները չեն
ցանկանում գործ ունենալ Ադրբեջանի հետ: Այբբենարանային ճշմարտություն է, որ եթե անվտանգության միջոցներն ու ռուս խաղաղապահները չլինեն, ապա արցախահայության ներկայացուցիչներից յուրաքանչյուրի գլխավերևում կախված է լինելու դաժան հաշվեհարդարի վտանգը։Իսկ Ադրբեջանում, որտեղ ընդունված է
քնած մարդուն կացնահարողին հերոսացնել, ուղղակի խրախուսվում են արցախահայության նկատմամբ հանցագործությունները։ Դրա հետ մեկտեղ Ադրբեջանն արդեն խոսում է Արցախի զինաթափման ու խաղաղապահների հեռացման մասին,
որը նշանակում է, թե Արցախում էթնիկ զտում ու ցեղասպանությունն ուղղակի ժամանակի հարց կլինեն այդ պայմաններում։ Իսկ ի՞նչ են անում ՀՀ իշխանությունները: Ճիշտ է, նրանք ուղղակի ասում են, թե ուղիղ երկխոսություն պետք է տեղի ունենա Արցախի ու Ադրբեջանի միջև, ու ինչ-որ կերպ հարցը այդպիսով կարող է հանգուցալուծվել։ Ասել, թե նրանք վերը նշվածը չեն հասկանում, առնվազն միամտություն է:
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
ավելին կարդալ՝աղբյուրում