2022 թ. օգոստոսի 1-ից Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիսարևմտյան հատվածներում Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնվող ու իրականացվող սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության կողմից արդեն որերորդ անգամ բարձրաձայնված՝ հայատյաց
քաղաքականության ու Արցախը հայաթափելու ռազմավարության տակտիկական քայլերի մասն են: Այս մասին ասված է Արցախի դատախազության հաղորդագրության մեջ: «Արցախի պաշտպանության բանակն արդեն
ներկայացրել է իրավիճակը շփման գծում և պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: Թեև բազմիցս խոսվել է այդպիսի իրավիճակներում բացառապես պաշտոնական աղբյուրներին հետևելու անհրաժեշտության մասին, այդուհանդերձ,
նմանօրինակ դեպքերում մշտապես ականատես ենք լինում ինքնագործունեության և անհարկի խուճապ ծնող երևույթների: Արցախում հանրային կյանքը լարվածության մթնոլորտում է անցնում գրեթե ամեն օր, պետական մարմիններն այդ պայմաններում փորձում են կազմակերպել առողջապահություն, կրթություն, սոցիալական
ապահովություն, քաղաքաշինական աշխատանքներ, մինչդեռ լարվածության ավելորդ բաժինը ոչ միայն կաթվածահար է անում նշված գործընթացը, այլև հիշյալ համակարգերի առջև արհեստականորեն ծնում է
հավելյալ ծանրաբեռնվածություն, որպիսի հետևանք արձանագրվել է նաև վերջին օրերին: Ուստի Արցախի
Հանրապետության ներքին անվտանգությունն ու հանրային կյանքի բնականոն ընթացքն ավելորդ ցնցումներից զերծ պահելու համար խնդրում ենք ձեռնպահ մնալ շփման գծում առկա իրադրության շուրջ իրականությանը չհամապատասխանող կամ չստուգված տեղեկություններ տարածելուց»,- ասված է հաղորդագրության մեջ: