Անծանոթներին չտալ քարտային տվյալները,անհայտ կայքերում դրանք չմուտքագրել․Մասնագետները կրկին զգուշացնում են խարդախության զոհ չդառնալ ․

Տեղեկատվական անվտանգության փորձագետներն ու Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կրկին ահազանգում են, որ տարբեր հարթակներով կատարվում են խարդախությունների դեպքեր:«Այժմ հիմնականում WhatsApp-ով են լինում տարբեր տիպի խաբեությունները, որոնց իմաստը մարդուց քարտային տվյալները կորզելն ու բնականաբար դրանից գումար հանելն է: Հիմա

ամենատարածվածը երկու ձևերն են, մեկը list.am-ում, եթե մարդ ինչ որ մի բան վաճառքի է դրել, հետը WhatsApp-ով կապի մեջ են մտնում և վերջում կեղծ հղումներ ուղարկում, որպեսզի մարդն այնտեղ իր քարտի տվյալները լրացնի: Մյուս տարբերակը աշխատանք են առաջարկում, էլի նույն պայմանով, որ քարտի տվյալները լրացնեն»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:Թե ինչու են ավելացել խարդախությունների դեպքերը,

մեդիափորձագետն ասում է, որ պատճառը շատ պարզ է. «Նման դեպքերն ավելացել են, որովհետև ինտերնետից օգտվողների թիվը շատացել է, օնլայն առևտրով զբաղվողների թիվը շատացել է, և մենք դարձել ենք հետաքրքիր, հրապուրիչ միջազգային կիբեռկրիմինալի համար, որոնք փորձում են տարբեր մեծ հարթակներում գտնել մարդկանց, որսալ և թիրախավորել»:Մարտիրոսյանի խոսքով՝ հստակ վիճակագրություն չկա, թե ինչքան մարդ է խաբվել. «Երկու ամիս առաջ օրական 5-6 մարդ ինձ գրում էր, հիմա երևի շաբաթական 2-3 հոգի լինի: Ինձ դիմողների թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում որոշակի նվազել է,

որովհետև շատ իրազեկում եղավ և՛ մեր, և՛ Ոստիկանության կողմից: Մարդիկ սկսեցին ավելի զգուշավոր լինել»:Մեդիափորձագետի խոսքով՝ նմանատիպ խմբերը Հայաստանում չեն գործում. «Թելերը տանում են հիմնականում Ուկրաինա, Ռուսաստան, բայց սրանք սովորաբար միջազգային կրիմինալ խմբեր են ու կարծում եմ մեջը կան նաև հայեր, որոնք ներսի իրավիճակին ծանոթ են, լեզվին ծանոթ են և օգնում են այս

գործողություններն անել»,- նշում է Մարտիրոսյանն ու մարդկանց կրկին խորհուրդ տալիս անծանոթներին չտալ քարտային տվյալները և անհայտ կայքերում դրանք չմուտքագրել:Մեզ հետ զրույցում Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Գևորգ Հայրապետյանն առանձնացնում է համացանցում

տվյալների պաշտպանության երկու հիմնական խնդիր. «Մի դեպքում գողանում են մարդու ինքնությունն ու հանդես են գալիս այդ մարդու անունից: Օրինակ՝ համացանցով կարող են հանդես գալ մարդու ընկերոջ

անունով ու նկարով և փորձեն գումար կորզել: Եվ երկրորդ դրվագը, երբ չարագործի թիրախում հենց անձնական տվյալներն են, տարբեր խաբեությունների միջոցով կարող են մարդուց կորզել օրինակ բանկային տվյալները և այլ անձնական տվյալներ, հետո դրանցով տիրանալ մարդու գումարին և այլն»: