Շատերը նկատեցին, որ թեև ռուս-ուկրաինական պատերազմից առաջ Մոսկվայի և Բաքվի միջև կնքվեց «դաշնակցային» պայմանագիր, դա չխանգարեց վերջինիս, որ դրանից հետո Ադրբեջանը ինտենսիվ կերպով մտնի հակառուսական թրենդի մեջ: Սկզբում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իշխանության աջակցությամբ Բաքվում անցկացվեց «Ուկրաինային աջակցող մեծ հանրահավաք»: Հետո գործի մեջ մտան
ադրբեջանական լրատվամիջոցները: Ընդորում, ադրբեջանցիների հակառուսական քարոզչությունը այնքան ակնհայտ բնույթ ունեցավ, որ Մոսկվան ստիպված արգելք դրեց մի շարք ադրբեջանական ազդեցիկ ԶԼՄ-ների սփռման վրա՝ Ռուսաստանի տեղեկատվական տիրույթում: Հետո, երբ սկսվեց հայ-ադրբեջանական «երկխոսությունը», և պարզ դարձավ, որ այստեղ էլ կա մրցակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, Ադրբեջանը, գրեթե բացահայտ սկսեց ցույց տալ, որ գերադասում է այդ գործընթացի արևմտյան
մոդերատորությունը: Եվ վերջապես, երբ սկսվեց ռուս-արևմտյան էներգետիկ պատերազմը, Բաքուն համաձայնեց երկու անգամ ավելացնել դեպի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները: Իսկ վերջերս, Ադրբեջանի ԱԳ նախարարը ինտենսիվ
հանդիպումներ է ունենում Բրյուսելում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և ԵՄ-ի արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելի հետ: Եվ ամենակարևորն այն է, որ բոլոր այդ հանդիպումներում, Ադրբեջանի ԱԳ նախարարի կողմից փոխանցվող գլխավոր մեսիջն այն է, որ հենց «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքի
արդյունքում է հնարավոր, իբր, ոչ միայն «կայուն խաղաղություն» ապահովել Հարավային Կովկասում, այլև հնարավոր կլինի այդ միջանցքով կառուցել նոր տրանսպորտային ուղիներ և նույնիսկ նոր էներգակիրներ: Բանը հասել է նրան, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը երկու օր առաջ Բաքու էր ժամանել՝ Ալիևի հետ քննարկելու էներգետիկ հարցերը: Բաքվի բոլոր այս քայլերը ցույց են տալիս, որ այդ երկիրը որոշել է լուրջ հակառուսական թրենդի մեջ մտնել: Իսկ իր քայլերի անվտանգության խնդիրը Մոսկվայի
հնարավոր հակաքայլերից իր վրա է վերցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս ունի լավ հարաբերություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բացի այդ Անկարան, ի տարբերություն
ՆԱՏՕ-ի այլ երկրների, միակը դարձավ, ով համաձայնում է հանդիպել և շփվել Պուտինի հետ: Մոսկվայում այս օրերին դա բարձր են գնահատում, և Թուրքիայի այդ քաղաքականությունը, փաստացի, ապահովում է Բաքվի անվտանգությունը Ռուսաստանի հնարավոր հակաքայլերից: Իսկ Բաքվի քայլերն իրենց հերթին ունեն մեկ նպատակ՝ ցույց տալ Արևմուտքին, որ Ադրբեջանը, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում կարող է լուրջ
արևմտամետ թրենդի մեջ հայտնվել՝ չվախենալով ռուսական հակազդեցությունից:Ինչ վերաբերում է ներկայիս Հայաստանի իշխանության քայլերին, ապա այս «փողոցային» մակարդակի իշխանության պատկերացումները չեն տարբերվում երևանյան սրճարաններում բամբասանքներով զբաղվող անգործ մարդկանց պատկերացումներից: Եվ դա այնքան ցցուն է երևում դրսի համար, որ վերջիններս մասնավոր զրույցներում դա չեն էլ թաքցնում՝ ցավակցություն հայտնելով հայ ժողովրդին, որը հանդուրժում է այս աստիճանի անմակարդակ իշխանությանը: Սա է իրականությունը: