Ցավալի դեպք․Հայտնաբերվել է Մարտունիում տարադրամի շրջիկ փոխանակմամբ զբաղվողի դին՝ դանակի մի քանի հարված ստացած

Ապրիլի 5-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում բացահայտել են Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած առանձնակի դաժանությամբ սպանության դեպք։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Մարտունի քաղաքի բնակիչ 55-ամյա Կամո Ա․-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և տուն չի վերադարձել: Ունեն կասկածներ, որ նրա հետ հնարավոր է՝ ինչ-որ բան պատահած լինի։

Նույն պահին ստեղծվել են 3-4 հետախուզական խմբեր, որոնցում ներգրավվել են Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները։ Վերջիններս սկսել են ողջ գիշեր որոնողական աշխատանքներ Կամո Ա-ի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ճշտելու ուղղությամբ։

Ժամեր անց ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Կամո Ա․-ն հանդիպել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Հակոբ Ա-ի հետ։ Կարճ ժամանակում ոստիկանները հայտնաբերել են Հակոբ Ա․-ին, որը հրավիրվել է ոստիկանության Մարտունու բաժին։

Ոստիկաններին են միացել Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները։ Որոշակի աշխատանքներից հետո կասկածյալը խոստովանել է և ոստիկաններին ու քննիչներին մատնացույց արել այն վայրը, որտեղ դանակի մոտ 8 հարվածով սպանել է իր զոհին։

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ մարմնի վրա առկա են եղել մոտ 8 սուր կտրող-ծակող դանակի հետքեր։Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրի հարևանությամբ հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ սպասնվածը Մարտունիում զբաղվել է տարադրամի շրջիկ փոխանակմամբ:Փաստի առթիվ Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ՝ Հակոբ Ա․-ն ձերբակալվել է։