Lexus ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու կասկածանքով

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նախօրեին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցը 2022 թ. ապրիլի 3-ին զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով, նույն օրը՝ ժամը 19:50-ին, ոստիկանության բաժին բերման ենթարկելու համար կանգնեցրել են Lexus մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության աշխատակիցներից մեկը մոտեցել է նշված ավտոմեքենային և ներկայացել, որից հետո վարորդը վերջինիս հասցեին հնչեցրել է անպարկեշտ արտահայտություններ՝ ցուցաբերելով անվայել պահվածք:

Այնուհետև նշված ոստիկանի կողմից վարորդին՝ ոստիկանության ավտոմեքենան նստեցնելու ժամանակ, վերջինս շարունակել է հայհոյանքներ հնչեցնել նրա և ոստիկանության մյուս աշխատակիցների հասցեին, դիմադրել, քաշքշել, հրել է ոստիկաններին, այդ ընթացքում հարվածներ հասցրել նրանցից մեկի պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության չորս աշխատակիցներ տուժող են ճանաչվել, առգրավվել են վերջիններիս հագուստները: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:2022 թ. ապրիլի 3-ին՝ ժամը 22:30-ին, 43-ամյա վարորդը ձերբակալվել է:Կատարվում է նախաքննություն: