ՏԱՐԱԾԵԼ․Ադրբեջանցիների իսկական անվանումը «կովկասյան թաթարներ» է, իսկ «թաթար» նշանակում է «քոչվոր»․

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը «Արմենպրես»-ի հետ ունեցած հարցազրույցում անդրադարձել է Քարվաճառում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին՝ կապված հայկական տարածքների հետ։

Պատմաբանի խոսքով՝ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս:

 

Եվ երկրորդը, մինչև 14-15-րդ դդ., երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, և առավել ևս՝ մինչև 11-րդ դ., երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը և Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», — ասաց Աշոտ Մելքոնյանը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձով է հանդես գալիս Հիշատակի օրվա կապակցությամբ, Բաքու, 27-ը սեպտեմբերի, 2021թ․

 

«Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն 9-րդ դարում, երբ արաբները վարձել են թուրք վարձկան-զինվորականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զորավար Բուղան, որը 9-րդ դ. կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով և Արցախով և ծանր պարտություն կրեց հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թ.) Եսայի Աբու Մուսե իշխանից», — հավելեց մասնագետը:

«Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ալիևը, բացահայտ կեղծիք է և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով», — եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը: Այն հարցին, թե որն է ադրբեջանցիների իսկական անվանումը պարոն Մելքոնյանն ասաց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քոչվորներ»:

 

«Զանգեզուրից 1921 թ. հուլիսի կեսերին Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ ոք չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ուրեմն հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է», — եզրափակեց Մելքոնյանը: