Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Lexus LS500-ն ու Toyota Camry-ն. կա վիրավոր

Այսօր՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի  ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Արարատյան 43 հասցեի դիմաց բախվել են Lexus LS500 և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արամ Դանիելյանն ու Կարեն Սարդարյանը:Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի,

հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: