Ավշարի Արայիկի եղբոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․Վերջինս համայնքի գույքը փոխանցել է մյուս նախկին նախարար եղբոր

Ըստ ՀՀ ՔԿ-ի առաջադրած մեղանդրանքի՝ Ավշարի նախկին համայնքապետը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Բանն այն է, որ, ՀՀ կառավարության Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ, 2010 թվականին Ավշար համայնքին նվիրատվությամբ հանձնվել է Հունաստանի Հանրապետությունից, որպես բարեգործություն ստացված, նիդերլանդական արտադրության, 95.000.000 ՀՀ դրամ գործարանային արժեքով «Ottevanգer» մոդելի, 700կգ/ժամ հզորությամբ համակցված կերի հոսքագիծ, սակայն Սուրիկ Գրիգորյանը, որը 1997 թ-ից մինչև 2011 թ., այնուհետև 2013 թ-ից մինչև 2022 թ. հունվարի 3-ը զբաղեցրել է Ավշարի համայնքապետի պաշտոնը, խախտելով բարեգործական ծրագրերի հանձնաժողովի պահանջները, տվյալ հոսքագիծն օտարել է իր եղբորը պատկանող Արալեզ համայնքում գործող ՍՊ ընկերությանը:

Նշենք, որ տվյալ ՍՊ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, Արարատի նախկին մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին:
Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Շահեն Շիրինյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հոսքագիծը 9 տարի ծառայել է Գրիգորյանի եղբորը պատկանող ընկերությանը, սակայն ոչ հանուն պետության շահերի:

Շիրինյանի խոսքով՝ 2019 թվականին Ավշար համայնքի նախկին ղեկավարը նախաձեռնել է նշված գույքն ուղղակի վաճառքով օտարելու գործընթացը, որի շրջանակներում 95 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող համայնքային գույքը գնահատվել է ընդամենը 19 մլն և, Ավշար համայնքի ավագանու որոշման հիման վրա, ուղղակի վաճառքով օտարվել վերոնշյալ ՍՊ ընկերությանը:

«Արդյունքում համայնքին նվիրաբերված գույքը շահագործվել է համայնքի և բնակիչների շահերին հակառակ: Համայնքը զրկվել է եկամուտներ ստանալու հնարավորությունից, իսկ ֆիզիկական մաշվածության հետևանքով հոսքագիծը կորցրել է իր հաշվեկշռային արժեքի գերակշիռ մասը՝ նվազելով 76 մլն դրամով»,- հավելեց ավագ քննիչը:

Վերջինիս խոսքով՝ գործի շրջանակներում արդեն հարցաքննվել են Սուրիկ Գրիգորյանը, տվյալ ժամանակահատվածում համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներ:

«Գործը գտնվում է նախաքննության փուլում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել հարցաքննությունների մասով»,- նշեց Շիրինյանը:Հարցադրմանը՝ արդյոք Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը տարիների ընթացքում հետամուտ չի՞ եղել և չի՞ իմացել, որ հոսքագիծն օգտագործվել է ոչ ի նպաստ համայնքի, Շիրինյանն ասաց. «Վերահսկումը չի մտնում հանձնաժողովի պարտականությունների մեջ: Վերահսկման պարտականությունը կատարել են ՀՀ ֆինանսների նախարարությունը, ՊԵԿ-ը և Արարատի մարզպետարանը»:

Ավագ քննիչի փոխանցմամբ՝ գործի շրջանակներում համայնքի նախկին ղեկավարին պատկանող գույքի վրա կալանք դնելու հարցը լուծելու համար ստուգվել է նրա և ընտանիքի անդամների անվամբ հաշվառված անշարժ և շարժական գույքի առկայությունը:

«Ինչի արդյունքում պարզվել է, որ վերջինիս անվամբ հաշվառված է «Տոյոտա Լենդ Կրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա, Արարատի մարզում՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, բնակելի կառույց: Գրիգորյանի 32-ամյա որդու անվամբ հաշվառված է «Տոյոտա ԼՑ» մոդելի ավտոմեքենա, Արարատի մարզում՝ 54 անուն անշարժ գույք՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, շինություններ, հասարակական կառույցներ, արդյունաբերական օբյեկտներ: Համայնքի նախկին ղեկավարի կնոջ անվամբ առկա է 20 անուն անշարժ գույք Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում, 34-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Երևանում և Արարատի մարզում, իսկ 30-ամյա դստեր անվամբ՝ 5 անուն անշարժ գույք Արարատի մարզում»,- հայտնեց Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Շահեն Շիրինյանը: