41-ամյա տղամարդը երկու անձի մոտ պատրանք է ստեղծել,իբր կաշառքով կարող է լուծել նրանց որդիների ծառայությունից ազատվելու հարցը․

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ գումարներ հափշտակելու և կաշառք տալու փորձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են նախազորակոչիկներին և զորակոչիկներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով Շիրակի մարզի 41-ամյա բնակչի կողմից նույն մարզի տարբեր բնակիչներին տարբեր չափերով կաշառք տալուն դրդելու, կաշառք ստանալու պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարների հափշտակություն կատարելու և կաշառք տալու փորձի դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Շիրակի մարզի 41-ամյա բնակիչը, նույն մարզի երկու բնակիչների պարտք լինելով առանձնապես խոշոր չափերի գումարներ, խոստացված ժամկետներում չի կարողացել վերադարձնել պարտքը: Այնուհետև, վերջիններիս գումարները խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրանց մոտ պատրանք է ստեղծել, թե իբր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկներին կաշառք տալու միջոցով կարող է լուծել նրանց նախազորակոչիկ և զորակոչիկ որդիների՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը:

Շիրակի մարզի բնակիչները, հավատալով 41-ամյա տղամարդու խոստումներին, ընդունել են նրա առաջարկը և համաձայնել նշված գումարները վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկներին: Ընդ որում, բացի պարտքով վերցրած գումարը, 41-ամյա տղամարդը Շիրակի մարզի վերոնշյալ բնակիչներից մեկից պահանջել է ավելին, ինչը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նշված անձը համաձայնել է վճարել մաս-մաս: Նշված գումարները հափշտակվել են 41-ամյա տղամարդու կողմից, սակայն առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու պատրվակով ստացած գումարը խարդախությամբ հափշտակելու դեպքը բացահայտվել է իրավապահ մարմինների կողմից, և տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել։

Բացի այդ, 41-ամյա տղամարդը, տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի մեկ այլ բնակչի՝ 43-ամյա տղամարդու որդին, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ է և ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով չի զորակոչվելու, ինչպես նաև մյուս որդին նախազորակոչիկ է, նրա մոտ ևս ստեղծել է վերը նկարագրված պատրանքը: 43-ամյա տղամարդն ընդունել է նրա առաջարկները՝ պաշտոնատար անձանց և բժիշկներին խոշոր չափերով կաշառք տալու միջոցով զորակոչիկ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստման, ինչպես նաև մյուս որդու՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը կազմակերպելու վերաբերյալ: Տղամարդը մաս-մաս վճարել է խոստացված գումարը, որը հափշտակվել է 41-ամյա տղամարդու կողմից։

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 41-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախությունը առանձնապես խոշոր չափերով), 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (Կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով), 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (3 դրվագ) (խարդախությունը կաշառք ստանալու պատրվակով) և 34-38-312-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձին կաշառք տալը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը փոփոխվել է և կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Շիրակի մարզի բնակիչներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կաշառք տալ), մյուսին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով ( պաշտոնատար անձին կաշառք տալը), իսկ երրորդին՝ 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) (կաշառք տալը, որը կատարվել է խոշոր չափերով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին: