Պեսկով մեկնաբանել է Պետդումայի պատգամավորի հայտարարությունն Ադրբեջանին միջուկային հարված հասցնելու վերաբերյալ․

Կրեմլում կոչ են անում ձեռնպահ մնալ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային արտահայտություններից, Ռուսաստանը ջանքեր է գործադրում իրավիճակը կարգավորելու համար:Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն,

այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ռուսական հեռուստաալիքներից մեկի եթերում Ռուսաստանի Պետական Դումայի տնտեսական քաղաքականության հարցերով կոմիտեի փոխնախագահ Միխայիլ Դելյագինի` Ադրբեջանի նավթային արդյունաբերության ուղղությամբ միջուկային հարված հասցնելու հայտարարությանը:

«Այդ հայտարարությունը ոչ մի կերպ չի համապատասխանում և չի կարող համապատասխանել Ռուսաստանի Դաշնության պաշտոնական գծին։ Դա ավելի շուտ հայտարարություն է, որն ընկած է անձնական հույզերի հարթության վրա, որոնք վառ ձևով են արտահայտվել:

Անշուշտ, մենք կոչ կանենք վերահսկել այդ հույզերը և զերծ մնալ նման հայտարարություններից, առավել ևս մեր գործընկերների նկատմամբ:

Ադրբեջանը դասվում է մեր գործընկեր երկրների շարքին, առավել եւս այն պայմաններում, երբ Ռուսաստանը շատ եռանդուն ջանքեր է գործադրում Ղարաբաղում խաղաղության պահպանման և բոլոր կողմերի կողմից համապատասխան պարտավորությունների կատարման ուղղությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին: