Ոչ մի ճնշում էլ չկա ,սուտ խոսակցություններ են ․Ծովագյուղի նախկին համայնքապետը տարածվող խոսակցությունների վերաբերյալ

Ոչ մի ճնշում էլ չկա, դրանք սուտ խոսակցություններ են: Հիմա որոշակի շրջանակներ փորձում են առիթից օգտվել և նման սուտ լուրերով անկայունություն մտցնել։

Այս մասին Aratnews.am-ի հետ զրույցում ասաց Ծովագյուղի նախկին համայնքապետ Վահրամ Գևորգյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց՝ «իշխանական կուլիսներում խոսում են, որ իշխանությունները հնարավոր է Ծովագյուղի համայնքապետի ու նրա մերձավոր շրջապատի նկատմամբ սկսեն կիրառել ճնշումներ, այդ թվում՝ գործեր կարելու ճանապարհով»:

Վահրամ Գևորգյանը վստահեցրեց, որ ոչ մի ճնշում էլ չկա՝ ո՛չ շրջապատի, ո՛չ իր հետ կապված: «Ընտրություններով ժողովուրդը ասել է, թե ինչ է ուզում, եթե կառավարությունը հնարավորություն ունենա, կանի: Մենք կառավարությանը դեմ բան չենք արել, որ մեր նկատմամբ ճնշում լինի, ինչո՞ւ համար մեզ պետք է ճնշեն»,- ասաց նա:

 

Հարցին, թե ինչ միտում է տեսնում նման լուրեր տարածելու մեջ, և ինչ նպատակ կարող են ունենալ նման լուրեր տարածողները, նախկին համայնքապետն ասաց. «Չգիտեմ՝ ովքեր են տարածում, բայց նման բան չկա: Իրենք իրենց գրում են, փորձում են լարվածություն մտցնել մի տեղ, որտեղ լարվածություն չկա։ Կարող է մի չուզող մարդ է, որ տեղը ցույց տա, երևի ճնշեն էլի»:

Նա նշեց, որ հիմա փորձում են խնդիրը իրավական ճանապարհով լուծել: Հիշեցնենք, որ ծովագյուղցիները մի քանի օր շարունակ փակում էին Սևան-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Նշենք նաև, որ Ծովագյուղ ու Սեմյոնովկա համայնքների բնակիչները մեկ մարդու պես բոյկոտել էին դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունները։