Ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանը դարձավ աշխարհի ռեկորդակիր

2022 թվականի մարտի 23-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հիմնարկում կազմակերպվել էր հերթական ռեկորդի գրանցումը՝ հիմնարկի ցմահ դատապարտյալ Թաթուլ Միրզոյանի մասնակցությամբ։

Թ․ Միրզոյանը պառկած դիրքից 150 կգ ծանրաձողի մեկանգամյա հրում-բարձրացումով սահմանել է աշխարհի ռեկորդ, իսկ 1 րոպե 06 վայրկյանում 80 կգ ծանրոցը 35 անգամ պառկած դիրքից հրում-բարձրացումով սահմանել է «Դյուցազնագրքի» ռեկորդ, և նրա անունը հերթական անգամ գրանցվել է «Դյուցազնագրքում»։

Աշխարհի ռեկորդը Թ․ Միրզոյանը նվիրել է 44-օրյա պատերազմում հաշմանդամ դարձած զինվորներին, իսկ «Դյուցազնագրքինը»՝ զոհված հայորդիներին։

 

Միջոցառմանը ներկա են եղել հիմնարկի վարչակազմը՝ հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ՍՀԻԱ բաժնի նեկայացուցիչներ, ««Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցացիա» ՀԿ նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վարդան Թովմասյանը և ՀՀ փաուերլիֆթինգի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, սպորտի վաստակավոր մարզիչ Գագիկ Սարոյանը։

 

Հիմնարկի պետ Կարեն Խաչատրյանը շնորհավորել է ռեկորդակրին՝ մաղթելով նրան նոր հաղթանակներ, հավելելով նաև, որ հիմնարկի վարչակազմը պատրաստ է աջակցելու և օժանդակելու յուրաքանչյուր դատապարտյալի, որը ցանկություն կհայտնի մասնակցելու նման մարզական միջոցառումների։ Նշենք, որ Թաթուլ Միրզոյանը նախկինում ևս գրանցել էր ռեկորդներ կշռաքարերի բարձրացումով։