ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ․Խրամորթ գյուղը պատրաստվում է ինքնապաշտպանության․ Տեսանյութ

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղը պատրաստվում է ինքնապաշտպանության:

Այս մասին տեղեկանում ենք խրամորթցիներից։AntiFake.am–ը զրուցեց այս պահին Խրամորթում գտնվող Դավիթ Ղահրամանյանի հետ, ով ասաց, որ գյուղում տղամարդիկ են հավաքվում՝ ինքնապաշատպանությունը կազմակերպելու համար։

Հիշեցնենք՝ Այսօր Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը: Պաշտպանության բանակի և Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները փորձում են բանակցությունների միջոցով կասեցնել հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնել ելման դիրքեր:

ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Փառուխ գյուղի ուղղությամբ Ադրբեջանական ԶՈՒ–ի կողմից առաջ շարժվելու սպառնալիք կա։ «Ուղղությունը դեպի Քարագլուխ ռազմավարական բարձունքն է»,– հայտնել է պատգամավորը։ Խրամորթի գյուղապետի խոսքով էլ վիճակն արդեն լուրջ է։

AntiFake.am–ը իրավիճակի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատեց Խրամորթի բնակիչների հետ։ Բնակիչներից մեկը մեզ փոխանցեց, որ չի կարող մեզ հետ խոսել, քանի որ առաջնագծում է։ Խրամորթ գյուղի մեկ այլ բնակիչ մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց գյուղից կանանց և երեխաներին ամբողջովին տարհանել են։

«Տղամարդկանցից էլ են դուրս եկել, ովքեր վարորդ են,— ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, — թուրքերը բարձունքի վերևն են, գյուղին են մոտենում»։ «Բանակցություններին մասնակցում են խաղաղապահները։ Ստեփանակերտից, Ասկերանից բոլոր տղամարդիկ այստեղ են։ Եկել են մասնակցելու պաշտպանությանը»,- եզրափակեց Խրամորթ գյուղի բնակիչը։

Տեսանյութը՝