ՀՐԱՏԱՊ․Ադրբեջանին առաջարկել ենք ՝ Երասխում մի քանի դիրք հետ քաշվեն մեր տարածքից,մենք էլ իրենց տարածքից․

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում լարված է, և որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:«Պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ:

Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով՝ որպես ետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը», — ասել է Փաշինյանը, ապա ընդգծել, որ, բացի ամբողջական հետքաշումից, Հայաստանը հանդես է եկել նաև տեղային հետքաշումների առաջարկներով, և այստեղ էլ սպասում են Ադրբեջանի արձագանքին:

«Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:

Ի դեպ, վերջին մի շարք իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզու՞մ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ:

Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանը անցնել ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում», — հայտարարել է ՀՀ վարչապետը: