ՀՀ-ում սոցիալական վիճակը բարդանում է բայց շատ երկրների համեմատ Հայաստանում մի բան էլ լավ վիճակում է․Վարչապետ

Մենք գիտենք, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարդանում է, բայց պետք է իմանանք, որ ամբողջ աշխարհը գտնվում է նույն վիճակում և աշխարհը գնաճի աննախադեպ փուլում է: Այս մասին կառավարության հերթական նիստին օրակարգին անցնելուց առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:«Հայաստանը այս իմաստով դեռ մի բան էլ լավ վիճակում է շատ ու շատ երկրների համեմատ»,- ասաց նա և հիշեցրեց, որ 2019 թվականին Հայաստանը եզակի երկրներից էր, որտեղ սննդամթերքի գնանկում էր տեղի ունենում, վերացրել էին արհեստական մենաշնորհները, արտահանումների ու ներմուծումների իմաստով Հայաստանը ազատ երկիր է:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:«Իհարկե մենք հասկանում ենք, որ պետք է սոցիալական խնդիրները մեղմող քաղաքականություն իրականացնենք և դա անում ենք այնքանով, որքանով հնարավոր է, որքանով թույլ է տալիս երկրի բյուջեն, որը ձևավորվում է բոլորիս տված հարկերի հաշվին»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացմանը, ապա նա պարզաբանեց. «Իրավապահ, դատական համակարգում աշխատավարձ բարձրացնում ենք առաջին հերթին հանուն շարքային քաղաքացու, քանի որ իրավապահները հենց այս մարդկանց ճակատագրի և իրավունքների հետ են առնչություն ունենում, և այդ համակարգերի աշխատանքից է կախված երկրի տնտեսության, իրավունքի, օրենքի, օրինականության վիճակը: Ամեն դեպքում, սիրելի հայրենակիցներ, պետք է իմանաք աներկբա, որ ինչպես նախկինում, այսօր առավելևս, ձեր բոլոր ցավերը մեր սրտում են, ձեր բոլոր կարիքները մեր մտքում են, ձեր բոլոր երազանքները մեր հոգում են: Տնտեսության հետ կապված ուզում եմ խոսել լավատեսական նորությունների մասին, մենք տնտեսական ակտիվությունը պահպանելու լավ հիմքեր ունենք»:

Վարչապետը նշեց, որ նախորդ տարվա մարտի առաջին քսան օրվա համեմատ, այս տարի ավելացել է ՀԴՄ-ներով գործարքը շուրջ 510 հազարով, իսկ դրամաշրջանառությունը աճել է ավելի քան 60 միլիարդ դրամով, որը 120 միլիոն դոլարից ավելի շատ է:

«Սա իհարկե ֆունդամենտալ ցուցանիշ չէ, բայց որոշակի դրական ազդակ է, որը կապված է այն բանի հետ, որ 2022 թվականին մեծ հոսք ունենք ՀՀ, ինչը բավականին լավ տնտեսական էֆեկտներ է ստեղծում: Դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ: Դուք տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում, այն, ինչ կատարվում է աշխարհում, մեկնարկեց մեզ հետ տեղի ունեցածով»,- ասաց նա:

Ամփոփելով իր խոսքը՝ նա նշեց, որ մենք գտնվում ենք Երրորդ հանրապետության պատմության ամենախաչմերուկային կետում և որպեսզի կարողանանք հասնել մեզ համար ցանկալի հանգուցալուծման, հարկավոր է աննախադեպ ճկունություն, լիարժեք ոչ էմոցիոնալ վիճակ:«Մենք պետք է այս փոթորկված աշխարհաքաղաքական օվկիանոսի մեջ հայտնված մեր նավակը հասցնենք խաղաղ հանգրվանի, և համոզված եմ, որ դա կանենք, և դա թերևս մեր պատմական առաքելությունն է»,- ասաց նա: