Վերահաստատել ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամությունը. Միրզոյանը՝ Չավուշօղլուի հետ հանդիպման մասին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը երկուսն էլ վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ առանց նախապայմանների շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Այս մասին Միրզոյանն ասել է հանդիպումից հետո լրագրողների համար հայտարարության ժամանակ: Նա շնորհակալություն է հայտնել նախարար Չավուշօղլուին հրավերի համար: «Կարծում եմ՝ հրավերը բավականին դրականը ուղերձ էր, և անհրաժեշտ եմ համարել նույն դրական կերպով արձագանքել այդ ուղերձին:

Մեր հանդիպման ընթացքում վերահաստատե ենք երկու կողմի պատրաստակամությունը՝ շարունակել կարգավորման գործընթացը՝ հարաբերությունների հաստատման և սահմանների բացման նպատակով՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Միրզոյանը:

Նանշել է, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներն աշխատում են այդ ուղղությամբ՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում դրական արդյունքները տեսանելի կլինեն:

«Ուրախ եմ տեսնել, որ տարածաշրջանի բոլոր ժողովուրդները, բոլոր պետությունները փորձում են կառուցել խաղաղություն և կայունություն մեր տարածաշրջանում: Եվ ուզում եմ ասել, որ Հայաստանի կողմից այդ պատրաստակամությունը՝ ունենալ խաղաղ և կայուն տարածաշրջան, կա»,- եզրափակել է Միրզոյանը: