Ողբերգական դեպք․Հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորի որդին և հարսը տեղափոխվել են հիվանդանոց․հարսը հիվանդանոցում մահացել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մարտի 10-ին, Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ ժամը 07:30-ի սահմաններում վերակենդանացման բաժանմունքում մահացել է 37-ամյա Անուշ Մ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Գագիկ Շամշյանը, վերջինս նշված կենտրոն էր տեղափոխվել մարտի 5-ին: Այդ օրը նշված կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեստան 9-րդ փողոցի շենքերից մեկի բնակարանից «ամբողջ մարմնի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 85 տոկոս այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի կին, իսկ կարճ ժամանակ անց «զույգ դաստակի ջերմային այրվածք բոցով, 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 5 տոկոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղամարդ:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ տեղափոխվածներն են՝ Երևանի բնակիչներ, 37-ամյա Անուշ Մ.-ն և 48-ամյա Վահե Հ.-ն:

Ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ մարտի 5-ին Արարատի մարզի գյուղերից մեկի կիսակառույց շինության մեջ նրանցից մեկը հագուստի աղտոտված հետքը մաքրելու համար բենզին է օգտագործել, որի ժամանակ ծխոխոտի գլանակից առաջացել է հրդեհ և վերջիններս ստացել են նշված վնասվածքները:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ փաստի առթիվ նախաքննություն է սկսվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդու հայրը հայաստանյան հայտնի բուհերից մեկի նախկին պրոռեկտորն է: