ՀՐԱՇՔ ԼՈՒՐ․Պատմական իրադարձություն Հայաստանի համար

ԻՀոկտեմբերի 26-ը Հայաստանի միջազգային հարաբերությունների պատմության համար կարող է դառնալ նշանակալի օր, քանի որ այդ օրն առաջին անգամ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան, տվյալ պարագայում նախագահ Արմեն Սարգսյանն այց կատարեց Սաուդյան Արաբիայի թագավորություն: Բանն այն է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Սաուդյան չեն հաստատել դիվանագիտական հարաբերություն: Պատճառը այս դեպքում սաուդական կողմի դիրքորոշումն է, որով նրանք արցախյան հարցում աջակցում էին Ադրբեջանին: Իհարկե վերջին տասնամյակում, չնայած դիվանագիտական հարաբերությունների շարունակվող բացակայությանը, Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվեց շնորհավորական ուղերձների փոխանակման պրակտիկա և Սաուդյան Արաբիայի թագավորն ու թագաժառանգը անկախության տոնի, նաև Հայաստանում նախագահական ընտրությունների առիթով շնորհավորում էին նախագահ Սերժ Սարգսյանին, իսկ 2018-ից հետո՝ Արմեն Սարգսյանին:

Սերժ Սարգսյանն էլ, իսկ հետո արդեն Արմեն Սարգսյանը, շնորհավորական ուղերձ էին հղում Սաուդյան Արաբիայի անկախության տոնի առիթով: Սակայն, առ այսօր բանն իհարկե ուղերձներից այն կողմ չէր անցել, եթե չհաշվենք օրինակ այն, որ 2018-ի հունիսին Մոսկվայում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը ինչ որ պահի մեկ սեղանի շուրջ էին Հայաստանի վարչապետն ու Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, որի երկրի հավաքականը բացման խաղում մրցում էր տանտեր Ռուսաստանի հավաքականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ նույն սեղաննի շուրջ էին նաև Ղազախստանի և Մոլդովայի նախագահներն ու ՌԴ վարչապետ Մեդվեդևը: Այժմ ահա, Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև տեղի է ունենում պատմական իրադարձություն՝ Հայաստանի նախագահի առաջին այցը Էր Ռիիյադ: Խոսել թե արաբական և իսլամական աշխարհում, թե ընդհանրապես ռեգիոնալ լայն քաղաքականության համատեքստում Սաուդյան Արաբիայի կարևոր դերակատարության և նշանակալի խաղացողներից մեկը լինելու մասին, այսօր թերևս ավելորդ է

Ըստ այդմ կասկածից վեր է, որ Սաուդյան ուղղությամբ աշխատանքը Հայաստանի համար ունի թե տնտեսական, թե ռազմա-քաղաքական, անվտանգային կարևոր իմաստ: Իհարկե առաջին աշխատանքային այցի պատմականությունն ընդգծելով, պետք չէ շտապել անել հեռուն գնացող հետևություններ, քանի որ հայ-սաուդական հարաբերության խորացումը պետք է անցնի թերևս երկար ճանապարհ: Առավել ևս, որ կասկած չկա, թե դրա հանդեպ ինչպիսի խանդով են վերաբերելու Ադրբեջանն ու Թուրքիան, իրենց հերթին փորձելով անել առավելագույնը Հայաստան-ՍԱ հարաբերության արդյունավետությանը խոչընդոտելու համար: Իհարկե Թուրքիան իր հերթին ունի խնդիրներ ՍԱ-ի հետ, որոնք առավել սուր բնույթ ստացել էին դեռևս 44-օրյա պատերազմի օրերին: Սաուդյան Արաբիան անգամ արգելեց թուրքական ապրանքների մուտքը երկիր, իսկ ամիսներ անց էլ կայացրեց թուրքական դպրոցները փակելու փորոշում: Այդ ամենով հանդերձ, հարկ է նկատել, որ Հայաստան-Սաուդյան Արաբիա հարաբերությունը պետք է զարգացնել ոչ «հակաթուրքականության» առանցքի տրամաբանությամբ:Այստեղ եթե կան անգամ ընդհանուր շահեր, միևնույն է Հայաստանի համար տարածությունը սահմանափակ է:

Հետևաբար, հարկավոր է աշխատանքը կառուցել երկկողմ այնպիսի օրակարգի վրա, որը ոչ թե միտված է ինչ որ ուղղության դեմ, այլ դեպի որևէ հեռանկար: Միաժամանակ իհարկե ուշադրության է արժանի թերևս երկու հանգամանք, դրանցից բխող երկու հարց: Արդյո՞ք տեղի կունենար Հայաստանի նախագահի առաջին այցը Սաուդյան Արաբիա, եթե չլիներ հայտնի հանգամանքը՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի անձնական հարաբերությունը և բարեկամությունը Սաուդյան թագավորական ընտանիքի հետ: Հայաստանի նախագահն ինքն է տարբեր առիթներով բարձրաձայնել, որ նախկին տարիների գործունեության ընթացքում մտերմացել և ընկերացել է արաբական տարբեր երկրների մի շարք առաջնորդների հետ:

Մյուս հանգամանքը, արդյոք Հայաստան-Սաուդյան Արաբիա առաջին այցը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ պատերազմի միջոցով Ադրբեջանը այսպես ասած փոխեց ստատուս-քվոն իր օգտին, ինչից հետո Սաուդյան Արաբիան համարեց, որ Ադրբեջանը չի կարող «դժգոհություն» ունենալ Հայաստանի հետ հարաբերության հարցում քայլերի կապակցությամբ: Բոլոր դեպքերում, տեղի է ունեցել իսկապես կարևոր և անգամ պատմական իրադարձություն, որին պետք չէ իհարկե տալ «տիեզերական» իմաստ, սակայն աշխատել երկկողմ դիվանագիտական հարաբերության հասնելու և տնտեսա-քաղաքական շահերը մերձեցնելու ուղղությամբ խիստ անհրաժեշտ է:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.