Հայաստանը ոչ մեկիս գնալուց չի քանդվելու իզուր ենք մենք մեզ այդպիսի տիեզերական արժեք վերագրում

Մի տարօրինակ

«տրենդ» եմ նկատում՝ «արտագաղթի» դիսկուրսի համատեքստում։ Այն, որ անցած տասնամյակներում Հայաստանում շատերն իրենց տեղը չեն գտել ու հեռացել են, բոլորս գիտենք։Իհարկե, արժանի, պոտենցիալով մարդկանց չեն նկատել նախկինները, ավելի քիչ չափով, բայց չեն նկատում նաև ներկայիս իշխանությունները։ Բայց իմ խոսքը այդպիսի չնկատված ֆիզիկոսի, աստղագետի, քիմիկոսի, կամ թեկուզ մշակույթի գործիչի /ջութակահար, դաշնակահար,

դասական երգիչ կամ նման այլ բան, որի շուկան միշտ փոքր է եղել Հայաստանում ու աշխարհում/ մասին չէ, որոնք հեռացել կամ հեռանում են առանց «Հայաստանի վրա դուռ շրխկացնելու»։ Այդ հրաշալի հայորդիներին ու հայուհիներին, որոնք օտար ափերում որոշակի նվաճումների են հասնել, երբ անգամ հարց է տրվել՝ շատ զուսպ, ցավով են նշել հայրենքում իրենց չգնահատվելը, ու չեն խռովել հայրենիքից, հակառակը՝ ծանր պահերին օգնության են հասել։ Ես այս պատերազմում նրանցից շատերին տեսա, հանդիպեցի, որոնք ամենատարբեր աջակցությունները ցուցաբերեցին, եկան, օգնեցին, չասեմ, թե հետներն ինչեր անց կացրեցին․․․Վերջերս որոշակի պարբերականությամբ աչքովս են ընկնում որոշ հայտնի դեմքերի /հեռուստասերիալի դերասան, պոպ կամ այլ ժանրի երգիչ/

հարցազրույցներ, ովքեր հեռացել կամ սպառնում են հեռանալ երկրից, ու էնպիսի մի տոնով են պատմում, որ «Հայաստանում իրենց օդը չէր հերիքում», «շունչները կտրվում էր», «հայրենազրկմանը չեն դիմացել», ու դրա համար են արտագաղթել կամ պատրաստվում արտագաղթել, որ զարմանում ես․․․Ես, իհարկե, շատ վաղուցվանից հեռուստատեսություն դիտողներից չեմ, շատերին դեմքով կամ անունով չեմ ճանաչում, քանի որ հեռուստասերիալներ, ցուցադրված տեսահոլովակներ, ժամանցային կամ այլ բնույթի հեռուստահաղորդումներ չեմ դիտում։Բայց տեսնում եմ, որ այդ «խռովածների» մեջ դերասաններ, երգիչներ են, որոնք նախկինում «ռասկրուտկա են» արվել հեռուստաեթերներով, ու հիմա բավական երկար ժամանակ է, ինչ տեղները չեն գտնում, որովհետև պահանջված չեն․․․

Ի դեպ, նույնը վերաբերում է նաև նախկինում հեռուստաեթերներից չիջնող քաղաքագետներին, փորձագետներին, տարատեսակ գործիչներին։ «Ջերմոցային հանրահայտությունը կամ ստատուսը», երբ այլևս ջերմոցը կամ ստատուսը չկան, իրոք, ցավոտ է, քանի որ այլևս քեզ չեն հիշում, ու դու, որ նախկինում շատ լուրջ էիր ընդունել քո հանրաճանաչությունը, համարելով, որ դա օբյեկտիվ հիմքեր ունի, այժմ համարում ես, թե անարդարաբար անտեսված ես։Ես ընդունում եմ, որ պետական վերաբերմունքը, պատվերը, նախագծերը կարևոր են, որպեսզի կինոյի կամ թատրոնի դերասանը, մշակույթի գործիչը, երգիչը եկամուտների ու հանրաճանաչության որոշակի աղբյուր ունենա։ Բայց դա միակը չպետք է լինի ու չի կարող լինել, քանի որ իրական տաղանդի ճանապարհը փակել չես կարող ու ոչ մեկ չի կարող։ Քո շուկան ինքդ ես ստեղծում ու այն պարտադիր չէ ավարտվի Հայաստանի սահմաններով։ Այն էլ՝ այս դարում, երբ կան սոց ցանցեր ու տարատեսակ հնարավորություններ շատ մեծ լսարաններ հավաքելու, նախագծեր իրականացնելու։ Անգամ բլոգերներն են սոցցանցերում պատկառելի գումարներ ստանում․․․․Կոպիտ ասած՝ եթե հայաստանում որևէ մեկը Սերգեյ

Դանիելյանին (Յոժին) եթեր չհրավիրի, պետական կամ այլ ֆինանսավորմամբ կինոնկարում որևէ դեր չտա, Յոժը հեռախոսով կամ յութուբային տեսանյութով իր պրոդուկտն ստեղծելու է։ Եթե պետական ֆինանսավորումով համերգներ չկան կամ կան ու դրանց չի հրավիրվում Սոնա Շահգելդյանը, ապա նա, միևնույնն է, իր տաղանդը իրացնելու է, երգելու է, գտնելու է իր լսարանը, աշխատելու է իր գումարը։ Ոչինչ, որ նրանցից ոչ մեկ նախկինում կամ այժմ վաստակավորի կոչում չի ստացել կամ տվյալ պահի իշխանությունների լյուբիմչիկը չի եղել։ Իսկ եթե, Աստված չտա, չկարողանան ապրել Հայաստանում ու ստիպված լինեն մտածել օտար ափերում գումար վաստակելու մասին, չեմ պատկերացնում, որ կտան այն հարցազրույցները, ինչը երբեմն փշաքաղվելով կարդում ենք․․․Պրոբլեմը նա է, ինչը կոչվում է իրական էլիտա, որը ոչ մի ոլորտում չենք ունեցել․ ունեցել ենք ինքնահռչակ էլիտա բոլոր բնագավառներում՝ քաղաքականից մինչև մշակութային ու տնտեսական, որն այժմ միգուցե տառապում է անտեսվածությունից, գումար աշխատելու նախկին խողովակների բացակայությունից․․․ Ու եթե անգամ այդպես է, միևնույնն է, ծանրագույն վիճակն իսկ չի կարող իրական էլիտային, մտավորականին դրդել նման տոնայնությամբ հարցազրույցներ տալ։ Ես չեմ պատկերացնում, որ վաղ 90-ականներին վատ վիճակում ու ինչ-որ տեղ անտեսման մեջ հայտնված Ֆրունզիկ Մկրտչյանը կամ 2008-ից իշխանությունների ոչ սիրելի Երվանդ Մանարյանը նման հարցազրույց տար ու իր նեղվածությունը արտահայտեր այնպես, ինչպես նախկին վաստակավորներ կամ ոչ վաստակավորներ են անում երբեմն․․․․Մի կողմ եմ թողնում այն, որ երբեմն այդպիսի դիսկուրսների ու հարցազրույցների

«քաղաքական» հետնաբեմը և համատեքստը տեսանելի է, բայց անգամ դրանով, նման էժան շանտաժը ոչ որևէ մեկը հաշվի է առնելու, ոչ էլ պատիվ է բերելու։Հայաստանը ոչ մեկիս գնալուց, անշուշտ չի քանդվելու։ Իզուր ենք մենք մեզ այդպիսի տիեզերական արժեք վերագրում։ Այո, տուժելու է։ Տուժելու է, ինչպես որ տուժել ու տուժում է ցանկացած խառատի, հավաքարարի կամ դայակի հեռանալուց։ Ուստի, արժե դա՞ անել։ Դուք մտածեք։Ստյոպա Սաֆարյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.