Հերթական խայտառակությունը կտեսնեք հունվարի 11-ին.Ահա թե ինչ է լինելու

Ինչպես

տեղեկացնում են հայկական տարբեր լրատվականներ ու տելեգրամյան ալիքներ՝ հունվարի 11-ին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ նա հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ապա՝ Իլհամ Ալիևի հետ։

Չնայած հանրային ահռելի հետաքրքրությանը և ազգային մեծագույն տագնապներին՝ հանդիպման օրակարգը գաղտնի է մնում՝ ավելի և ավելի սրելով լարվածությունը մարդկանց մոտ, ովքեր նոր ողբերգությունների համար միանգամայն հիմնավոր կանխազգացումներ ունեն․ (ասվածի վառ օրինակ կարող է հանդիսանալ 2020 թվականի նոյեմբերի 9-ը)։ Այս ամենին ավելացնենք այն փաստը, որ հանդիպման ձևաչափը՝ ոչ եռակողմ-միաժամանակյա, այլ՝ առանձին-առանձին, ինչն իր հերթին հուշում է, որ Ռուսաստանը դարձյալ իր անկողմնակալության ցույցն է անում՝ չմասնակցելով Ալիև-Փաշինյան հանդիպմանը։

Ըստ էության, կա նաև զուտ մարդկային-հոգեբանական գործոնը․ ի՞նչ հաճույք կարող է ստանալ մարդը (Պուտինը) պարտվածի և հաղթողի, անվերջ տանուլ տվող դիլետանտի և իր երկրի համար անվերջ հաղթանակներ կորզող պրոֆեսիոնալի հանդիպմանը ներկա գտնվելուց։ Այդ կոնտրաստներից մարդը կարող է նույնիսկ վատանալ։ Հենց այս տրամաբանաության մթնոլորտում էլ Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն առանձին։ Փաստացի, մեր ժողովուրդն արդեն նախապատրաստվում է հերթական նվաստացմանը, հերթական աներևակայելի զիջումներին, որոնք հետո մեր աննախադեպի կողմից կմատուցվեն փիլիսոփայական անխռովությամբ ու, բնականաբար, փրկչական բառապաշարով։

Անշուշտ, անփոփոխ կմնա նաև մատուցման ձևը՝ տեղեկատվություն լայվի միջոցով, ամենայն հավանականությամբ, դարձյալ կեսգիշերին ։ Այնուամենայնիվ, ո՞րն է լինելու հանդիպման օրակարգը։ Կարծում եմ՝ բացի այն, որ օրակարգի թեմատիկան մեծ հաշվով պարզ է, կոնկրետ թեմաների հարցով անորոշությունը կպահպանվի մինչև վերջ՝ մինչև բուն հանդիպումը։ Ավելին, օրակարգի որևէ մանրամասն հայտնի չէ նաև «մեր» կողմին․ նա դրանք չգիտի՛, դրանց մասին նրան չե՛ն ասել, ուստի որոշակի օրակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի։

Օրակարգը կձևավորվի բուն հանդիպման պահին և դրա ընթացքում, ընդ որում, օրակարգը կձևավորի Ալիևի ծաղրական, նվաստացուցիչ հայացքը՝ ուղղված համաշխարհային ժողովրդավարության վունդերքինդին։ Ահա ալիևյան հայացքի «տրամաբանությամբ» էլ կձևավորվի օրակարգն ու դրանից բխող մնացյալ ամեն ինչը։«Եվ ուրեմն՝ եկեք արձանագրենք», որ մեր ազգային օրակարգերը, ըստ էության, վաղուց կախված են ոչ թե «մեր» ղեկավարի պետականամետ կեցվածքից, այլ հարևան երկրի նախագահի հայացքից։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.