Փաշինյանի նոր «նվերը »…Թուրքիան և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի տարածքի

Երեկ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանկարծակի ժամանել է Ադրբեջան, որտեղ հանդիպել է նախագահ Ալիևի և թուրք զինվորականների հետ՝ համատեղ մոնիտորինգի կազմից:Ոգևորված Թուրքիայի պաշտպանության նախարար այցից՝ Ալիևն էլ հանդես է եկել ելույթով: Նա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, թե բազմաթիվ հայ զինվորականներ ձերբակալված են, սակայն նրանց «չի կարելի ռազմագերիներ համարել: Հայկական զինված խմբավորումները, որոնք դեռևս մնում են ազատագրված հողերում, չեն ենթարկվում Հայաստանի քաղաքական ղեկավարությանը:

Պատերազմի ավարտից ի վեր՝ նրանց մեծ մասը ձերբակալվել է: Սակայն նրանց չի կարելի համարել զինվորականներ, նրանք ահաբեկիչներ են»:Ալիևն ու թուրք պաշտոնյան հաջորդ լուրն են «ավետել»: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումները:

Առաջիկա օրերին մենք կսկսենք երկաթգիծ կառուցել Հորադիզից դեպի Զանգիլան՝ մինչև Հայաստանի հետ սահման: Տեխնիկատնտեսական հիմքն արդեն նախապատրաստվում է։ Կարճ ժամանակում Հորադիզից Զանգիլան ճանապարհ է կառուցվել, ես ինքս մեքենայով անցել եմ այդ ճանապարհով, շատ հարմար է, կարող ես մեծ արագությամբ վարել», — ասել է Ալիևը:Նրա խոսքով՝ «երկաթգծի կառուցումը կտևի առավելագույնը երկու տարի». «Բայց մեր գաղափարն այս պայմաններին չսպասելն է, փոխադրումը կարող է իրականացվել Հորադիզ երկաթուղային ճանապարհով, այնուհետև՝ մեծ տարողությամբ մեքենաների օգնությամբ: Սա օրակարգի շատ կարևոր հարց է: Կարծում եմ և վստահ եմ, որ մենք կարող ենք Ադրբեջանի, Հայաստանի և Նախիջևանի տարածքով առաջնային բեռներ ուղարկել Թուրքիա և դրանք ստանալ հակառակ ուղղությամբ:

Այսպիսով, կիրականացվի Նախիջևանի միջանցքի բացումը, որը նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության կարևոր մասն է»:Փաստորեն, Ալիևը «ավետել» է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ձևավորվում է տրանսպորտային միջանցք՝ Հայաստանի տարածքով: Ո՞վ է թույլ տվել, հարցի պատասխանը պարզ է…

Իսկ Հայաստանի տարածքով անցնող այդ ճանապարհն ո՞վ է հսկելու, Ռուսաստա՞նը…Եթե սա իրականություն դառնա, ուրեմն Փաշինյանի ձեռամբ իրականացվելու է նոր դավաճանություն՝ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ քայլ, որը, ինչպես հասկանում եք՝ հանցագործություն է: Եթե Հայաստանի Հանրապետությունը զրվելու է իր տարածքի վրա հսկողություն իրականացնելու իրավունքից, ուրեմն, ցանկացած իշխանություն, որը այդ դավաճանական պլանին համաձայնություն կտա՝ հանցագործ է դառնալու:«Ներկայում մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորմանը, և առաջին հանձնարարականներն արդեն արվել են», արդեն ոգևորված ասում է Ալիևը, տեղեկացնելով, որ առաջիկա օրերին ադրբեջանական կողմը կսկսի կառուցել երկաթուղի Հորադիսից (Ֆիզուլիի շրջան) մինչև Զանգելան՝ Հայաստանի հետ սահման, և արդեն պատրաստ է տեխնիկատնտեսական հիմնավորումը:

Ի դեպ, Ադրբեջանը սկսել է Եվրոպային գազ մատակարարել Տրանսադրիատիկ գազատարով, հինգշաբթի հայտնել է երկրի էներգետիկայի նախարարությունը: «Տրանսադրիատիկ գազատարով մատակարարման մեկնարկով ապահովվել է «Հարավային գազային միջանցքի» ռազմավարական նպատակը»,-ասված է հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ ադրբեջանական գազը եվրոպական շուկային մատակարարելով՝ «բացվում է նոր էջ Ադրբեջանի՝ որպես գազային երկրի զարգացման գործում»:Նշվում է, որ 25 տարվա համար նախատեսված մատակարարումները նախատեսում են դեպի Եվրոպա ավելի քան 10 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարում, որոնցից 8 մլրդ խորանարդ մետրը կստանա Իտալիան, 2 խորանարդ մետրը՝ Հունաստանն ու Բուլղարիան: «Այսօրվա մատակարարման մեկնարկը գործընկեր պետությունների, ընկերությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների օրինակելի համագործակցության, ինչպես նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի կառավարությունների անընդմեջ աջակցության տրամաբանական արդյունք է»,-նշված է էներգետիկայի նախարարության հաղորդագրության մեջ:Իր հերթին Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) հայտնել է, որ հինգշաբթի գազն արդեն մատակարարվել է Իտալիայի, Հունաստանի և Բուլղարիայի ցանցեր: Ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևը նշել է. «Ստանալով գազ նոր աղբյուրից և այլընտրանքային երթուղով՝ Եվրոպան կամրապնդի իր էներգետիկ անվտանգությունը»:

Ընկերությունում նաև հայտնել են, որ գալիք տարվա ամռանը կմեկնարկի Տրանսադրիատիկ գազատարով մատակարարումների երկրորդ փուլը:Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը օրեր առաջ նշել էր, որ մոնիթորինգային կենտրոնում կծառայի հանրապետության 36 սպա, այդ թվում՝ գեներալ: Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական կենտրոնը կհիմնադրվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, երեկ տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «Ադրբեջանը կատարում է այդ հարցի շուրջ իր պարտավորությունները: Ադրբեջանի կողմը ներկայում կառուցում է կենտրոնը, որը կգտնվի Աղդամի շրջանում: Առաջիկա տասն օրվա կամ առավելագույնը երկու շաբաթվա ընթացքում այդ մոնիթորինգային կենտրոնը պատրաստ կլինի»:

Թուրքիան նույնպես հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ ռուս-թուրքական կենտրոնն առաջիկայում կսկսի գործել, իր հերթին նշել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը. «Հաջողություններ եմ մաղթում մեր զինվորականներին, որոնք ծառայության շրջանակում կհետևեն հրադադարի ռեժիմի պահպանմանը: Լիահույս եմ, որ կառուցվող կենտրոնը կգործի առաջիկայում»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *