Նիկոլի բուն առաքելությունը

Վստահաբար կարող ենք

փաստել, որ որևէ մեկը չկասկածի Նիկոլ Փաշինյանի կարողություններին, թե ապաշնորհ է, արկածախնդիր, նվաստ ունակությունների տեր, որ փողոցից պատահաբար կամ բախտի երջանիկ բերումով եկավ իշխանության: Փաշինյանն այն անհատն է, ով կարողացավ կոտրել մի ամբողջ ժողովրդի Հայաստանում և Սփյուռքում: Սա հեշտ ու դյուրին խաղ չէ,

ոչ էլ ամեն մեկին տրված հատկություն, համենայն դեպս, մեր վերջին 30 տարվա պատմության մեջ միայն նրան հաջողվեց անել դա, հասնել այդ սև կետին: Կարողացավ նախ երկուսուկես տարում պառակտել մեզ, բաժան-բաժան անել, ատելության ու ջղաձգության մեջ պահել, կրկեսային տեսարաններով ոգևորել, իրենով անել և կոտրել ծանր, գոնե այս պահի մեջ՝ անդարձ:

Այսօր երկու ամիս առաջվա նույն ժողովուրդն է, որ մեծից փոքր ոգևորված` և՛ սահմանին, և՛ թիկունքում, ամեն հնարավորն ու անհնարն անում էր իր հողի անգամ մեկ սանտիմետրը պաշտպանելու, չզիջելու համար: Անպարտելի էր այդ ժողովուրդը և վճռականորեն դեպի ապագան գնացող: Իսկ հիմա հայրենիքի զգալի մասը կորցրած և ամեն օր իր սահմանները թշնամուն զիջելու իրողության մեջ գտնվելով` դուրս չի գալիս փողոց ու հրապարակ՝ ասելու, որ ինքը տեր է իր երկրին: Սա ինքնապաշտպանական բնազդ է, որ բնորոշ է ամեն կենդանի էակի:

Տասնամյակ չի անցել, սերունդ ու մտածողություն չեն փոխվել, նույն պատերազմի օրերի տոկուն ժողովուրդն է` պարզապես կոտրված, շատ կոտրված: Իրականում կարող էր պարտվել, բայց չկոտրվել: Ամբողջ պատերազմի ժամանակ խաբվեց, հիմա էլ ծաղրվում է թշնամուց, որի առաջ բոլորովին անպաշտպան է մնացել: Իսկ Նիկոլը դարձյալ շարունակում է տեսարաններ սարքել, էժան կտերով կերակրել` մնալով իր բնույթին հարազատ: Հիմա էլ Հասմիկ Պողոսյանի և Արմեն Սմբատյանի դեմ է քրեական գործ հարուցել՝ օֆշորներում փողեր լվանալու համար: Արդյո՞ք կարող է սա բուժական ներգործություն ունենալ, ապագայի հույս ներշնչել ընկճախտի մեջ գտնվող հասարակությանը, որ ճամպրուկները կապել և սպասում է ռազմական դրության չեղարկվելուն, ճանապարհների բացվելուն, որ օր առաջ բռնի օտարության ճանապարհը:

Այս մարդկանց համար արդեն միևնույն է` Նիկո՞լը կմնա վարչապետ, թե՞ մեկ ուրիշը կլինի, ռուսի՞ տիրապետության տակ կլինենք, թե՞ թուրքի: Արդեն հետաքրքիր չէ, թե ով կգնա, ով կգա, իրենք գնացող են: Իսկ մնացողները ճամփաբաժանին կանգնածի պես չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ գնան,և նայում են անորոշ:

Հավանաբար կհամաձայնեք, որ բարոյական չէ և անարդարացի, որ նման հոգեվիճակում գտնվող ժողովուրդը դեկտեմբերի 31-ի գիշերը լսի պարտված ու ծաղրված և երկիրը պարտության ու ծաղրանքի հոմանիշ դարձրած Փաշինյանի ամանորյա ուղերձը: Նիկո՛լ, մի՛ ողջունիր նորոգման հավատ ներշնչող տարեմուտի այդ գեղեցիկ գիշերով մի ժողովրդի, որ չի սպասում քո ողջույնին, խղճա, խնայիր մարդկանց` այդպիսով գոնե սփոփած կլինես: Իսկ եթե մինչ այդ մնալու և կարդալու ես, գոնե կարդա քո հրաժարականի տեքստը: Հնարավոր է, որ մարդիկ մտափոխվեն, բացեն կապած ճամպրուկները, նորից սիրեն իրենց տունը և հավատան իրենց երկրին:Անդրանիկ Կիրակոսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.