ՀՀ տարածքում
կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝
մյուս տրանսպորտային միջոցների համար։Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տաթև-Աղվանի-Կապան (Հ-45) և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։
Սյունիքի մարզում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։
Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։