Ցավոք,Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ…ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Մեր

մեծագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, անհետ կորածների որոնման աշխատանքները: Նաև՝ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակի կայունացման հարցը, և սրան են ուղղված մեր ամենօրյա ջանքերը:Այս մասին իր ուղերձում այսօր՝ դեկտեմբերի 19-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Ցավոք, թե՜ Հայաստանում, թե՜ Արցախում դեռ կան լարվածության որոշակի օջախներ, ցավոք, գերիների վերադարձի եւ անհետ կորածների գտնվելու վայրը պարզելու հարցը դեռ ամբողջությամբ լուծված չէ, ցավոք, Խծաբերդում ունեցել ենք նոր գերեվարվածներ, որը պիտի անհամատեղելի լիներ ռազմական գործողությունների դադարի տրամաբանության հետ:

Որքան էլ դժվար է, այս ամենը մեզ չպետք է մղի հուսահատության. որովհետեւ մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը ապրի, Արցախը ապրի՝ հայ ժողովուրդը ապրի: Եւ այսօր՝ ժամը 13.00-ից, մենք միասին մեր նահատակների առաջ խոնարհման ու հարգանքի երթ ենք իրականացնելու՝ Հանրապետության Հրապարակից դեպի Եռաբլուր: Սա մի խոստում է մեր բոլոր եղբայրներին, նրանց երեխաներին, նրանց ընտանիքի անդամներին, որ նրանց զոհաբերումը ապարդյուն չի լինի: Սա լինելու է մտածումի երթ, որտեղ յուրաքանչյուրս եւ մենք ազգովի պիտի խորհենք մեր անցած եւ անցնելիք ճանապարհի մասին: Այսօրվա երթը, իհարկե, քաղաքական որեւէ ենթատեքստ չունի, բայց տեղի է ունենում կոնկրետ քաղաքական իրավիճակում, որի հանգուցալուծման վերաբերյալ իմ դիրքորոշումը մնում է նույնը ու չի փոխվել:

Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը եւ ոչ թե էլիտար շրջանակները, եւ այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը եւ ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաեւ ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ եւ ընդհանուր առմամբ կկայունացնի նաեւ ներքաղաքական վիճակը: Իսկ այսօրվա մեր երթին ընդառաջ՝ խոնարհում եմ հայտնում մեր բոլոր նահատակների, նրանց մայրերի, հայրերի, կանանց ու երեխաների առաջ: Սա նաեւ խոստումի երթ է, որ մենք հնարավոր ու անհնար ամեն ինչ կանենք՝ մեր անհետ կորած եղբայրների ճակատագրերը պարզելու, մեր գերիներին վերադարձնելու, մեր հույսը վերադարձնելու, մեր լավատեսությունը վերադարձնելու, ապրելու, արարելու, Հայաստանը եւ Արցախը նորովի կառուցելու համար:

«Կառուցենք Հայաստանը նորովի». այս կարգախոսը ընտրել էի դեռ պատերազմից առաջ՝ Հայաստանի վերափոխման ռազմավարությունը ուղենշելու համար: Եւ այս բանաձեւը օգտակար է մեր այսօրվա իրավիճակից ապագային նայելու համար նույնպես: Մենք պետք է ընկալենք աշխարհը նորովի, մենք պետք է դիտարկենք մեր անելիքն ու դերակատարումը նորովի, մենք պետք է մեր հնարավորությունները գնահատենք նորովի, ընդ որում՝ առաջին հերթին կրթության, գիտության, տեխնոլոգիական զարգացման ոլորտում, մենք պետք է կառուցենք մեր երազանքը նորովի, ու մենք պետք է երազենք նորովի: Ու մեր երազանքները պետք է ժպիտ բերեն հանուն հայրենիքի նահատակված մեր եղբայրների հոգիներին, նրանց զավակներին, նրանց հայրենիքին: Եւ այդ երազանքների իրագործումը պիտի բերի այդ ժպիտը։

Փա՛ռք մեր ընկած հերոսներին, փա՛ռք մեր ապրող հերոսներին, ու փա՛ռք նրանց, ովքեր դեռ կհերոսանան մեր ժողովրդի երազանքները իրագործելու, մեր ժողովրդին ստեղծարար հաղթանակներ պարգեւելու ճանապարհին: Այսօր՝ ժամը 13.00-ին, հանդիպում ենք Հանրապետության Հրապարակում՝ իրագործելու մեր խոնարհումի երթը դեպի Եռաբլուր: Եւ դա լինելու է նաև ապրելու երթ և ի ցույց է դնելու, որ մենք այստեղ ենք, որ մենք ապրելու ենք, ու մենք ապրեցնելու ենք»։

Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.