Շուրջ 8000 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցում կստանան,ովքեր են լինելու նրանք

Պետությունը

100% փոխհատուցում է տրամադրելու սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի մասնակից ուսանողներին և մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն: Որոշումը կառավարությունը

հաստատել է դեկտեմբերի 10-ին։ Մեկ շաբաթ անց ԿԳՄՍ–ից «Ռադիոլուրին» հայտնեցին, որ այս պահի նախնական տվյալներով Հայաստանում ծրագրի շահառու շուրջ 8000 ուսանող կա։2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսման վարձի 100% փոխհատուցում ստանալու համար շահառուները պետք է դիմեն ուսումնական հաստատության ղեկավարությանը՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստող փաստաթուղթ:ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը իր Facebook-յան էջում անդրադարձել է որոշման խնդրահարույց կողմերին, մասնավորապես նշելով, որ Ուսանողական խորհուրդ են դիմել ուսանողներ, որոնք պատերազմին մասնակից լինելու փաստը հավաստող տեղեկանք վերցնելու համար գնում են զինկոմիսարիատներ, սակայն այնտեղ տեղեկանք չեն տրամադրում պատճառաբանելով, որ նույնականացման խնդիրներ ունեն։

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը սրան ի պատասխան ասում է․«Որպես կրթության նախարարության ներկայացուցիչ կարող եմ հավաստիացնել, որ որևէ բուհում հավանական շահառուների նկատմամբ ուսման վարձի պահանջ այս պահին չկա»,– ասում է Լուսինե Գրիգորյանը։ԿԳՄՍ ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյանը նշում է, որ միջոցառումը փուլային է իրականացվում։ Նախարարությունն ունի արդեն 157 ուսանողի տվյալներ, որոնք ունեն մարտական գործողություններին մասնակից լինելու հանգամանքը փաստող տեղեկանք։«Մենք ունենք արդեն 157 ուսանողի տվյալներ, որոնց ուսման վարձը կազմում է մոտ 30 մլն դրամ։ Նրանք այն ուսանողներն են, որոնք ունեն տեղեկանք։ Նախարարությունն արդեն միջոցներ է ձեռնարկել և մինչև դեկտեմբերի 25-ը ֆինանսական միջոցները կուղղվեն բուհերին»,– ասում է ԿԳՄՍ ներկայացուցիչը։

Այն ուսանողները, որոնց դեռ չի հաջողվել ձեռք բերել համապատասխան տեղեկանք, կամ զինգրքույկում դեռ չունեն համապատասխան նշում, ըստ Լուսինե Գրիգորյանի, նույնպես պետք է դիմում ներկայացնեն բուհի ղեկավարությանը, որպեսզի վերջինս իրենց դիտարկի ծրագրի հավանական շահառու։ ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալն այդ ուսանողներին խորհուրդ է տալիս զուգահեռ դիմում գրել նաև պաշտպանության նախարարություն կամ համապատասխան տարածքային զինկոմիսարիատներ` համապատասխան նշման հետ կապված խնդիրները շուտափույթ լուծելու համար։Անդրանիկ Բեժանյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող է։ Սեպտեմբերի 28-ից եղել է առաջնագծի հյուսիսային հատվածում և մասնակցել է մարտական գործողություններին։ Հարցազրույցից հրաժարվում է, բայց պատմում է, որ բուհի ղեկավարությանը արդեն դիմում ներկայացրել է, որին կցել է զորամասի կողմից տրամադրած տեղեկանք, սակայն դիմումը մերժվել է, պատճառաբանությամբ, որ այն պետք է լինի բացառապես զինկոմիսարիատի կողմից տրամադրված տեղեկանք։Իսկ Պաշտպանության նախարարությունից էլ հայտնում են, որ ծրագրի հետ կապված նույնականացման ընթացակարգերը դեռ մշակման փուլում են և հընթացս կմշակվեն շահագրգիռ գերատեսչությունների հետ ։«Մենք խնդրել ենք ՊՆ–ին որպեսզի փոխօգնության կարգով համագործակցենք այդ ցուցակները ավելի արագ ճշգրտելու և կարգավորելու համար»,– ասում է Լուսինե Գրիգորյանը։ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը նշում է, որ ծրագիրն այս պահին նախատեսված է միայն 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման համար։ Այս փուլում ծրագրից օգտվում են հիմնականում պատերազմին մասնակցած անձանց երեխա ուսանողները կամ այն ուսանողները, որոնց կինը կամ ամուսինն է մասնակցել մարտական գործողություններին։ Սակայն առաջիկայում ձմռանն ու ամռանը զորացրվող ուսանողների համար պետք է լրացուցիչ ծրագիր մշակել։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *