Ձայնագրությունն առաջին հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է. Ստյոպա Սաֆարյան

Ձայնագրությունն առաջին

հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է. Ստյոպա Սաֆարյան Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.Կարծես թե բացատրություն է ստանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի լայվը Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու դեմից, երբ հայությանը կոչ էր անում փրկել Շուշին, որից թշնամին գտնվում էր մի քանի կիլոմետր հեռու: Նույն օրը ցերեկը Արցախցի մեկ այլ մոբ հրամանատար լայվով դժգոհեց, թե Հայաստանից Արցախին չեն օգնում։Հարց է ծագում՝ հրապարակված հեռախոսազրույցը (եթե այն իրական է) արվել է մինչև նշված լայվե՞րը, թե՞ հետո: Ամենայն հավանականությամբ, մինչև լայվերը։

Հեռախոսազրույցից երևում է, որ ձայնագրությունը կատարվել է ոչ թե այն հեռախոսի միջոցով, որով խոսել են, այլ կողքից՝ երրորդ անձի սարքով։ Ըստ որում, նա գտնվել է Արայիկ Հարությունյանի հետ զրուցողի կողքը, ում հեռախոսի վրա բարձրախոսը միացված է եղել… Տեղյա՞կ էր արդյոք Արայիկ Հարությունյանը, որ իրենց 18+ բառապաշարով հեռախոսազրույցը ձայնագրվում է: Ընդունենք՝ ոչ։Հարց է ծագում՝ Շուշիի համար օրհասական պահերին, երբ ցերեկով կատարվում է Արայիկ Հարությունյանի ուղերձի տեսագրությունը (ընդ որում` ժպիտով, ոչ ամենևին այս հեռախոսազրույցի էմոցիոնալությամբ) ինչո՞ւ է հրապարակվում ուշ գիշերը, որ երկու զրուցակիցների ակնկալած օգնությունը Հայաստանից հնարավոր չլիներ… (Շուշին փրկել պատրաստվող կամավոր հայորդիները 6 ժամ պետք է գնային, զենք, հագուստ ստանային), եթե չասած, որ օգնությունը կարող էր լինել ուշացած…Այդ վաղօրոք տեսագրված ուղերձը հաստատ Հայաստանից չէ, որ տեղադրեցին համացանցում կամ Հայաստանից չէ, որ որոշեցին դա հրապարակել գիշերը…

Հետևաբար, եթե անգամ պաշտոնական Ստեփանակերտը դժգոհ լիներ Հայաստանից օգնության հարցում, այսպիսի նոնսենսներ ու անպատասխան հարցեր չէին լինի. ուղերձը հրապարակված կլիներ առավոտյան կամ կեսերին, եթե իսկապես գտնում ես, որ բերդաքաղաքի ճակատագիրը որոշվելու է առաջիկա ժամերին ու օգնությունը, եթե անգամ պաշտոնական Երևանը մերժում է, պետք է ամեն գնով ու հնարավորինս վաղ ու արագ ստանաս թե՛ Շուշին, թե՛ նաև քիչ անց փակվելիք Բերձորի միջանցքը պաշտպանելու համար։

Ու չես կարող չհիշել, որ մինչև նոյեմբերի 9-ը Երևանի ու Ստեփանակերտի ուղերձները հակասության մեջ էին… Փաշինյանը գրառում արեց, թե «Շուշիի համար մարտերը շարունակվում են», իսկ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «Շուշին թշնամու վերահսկողության տակ է» ու տարհանվում է Ստեփանակերտը….

Այսինքն, եթե Ստեփանակերտը գտնում էր, որ Շուշին ավելի վաղ է ընկել, ուրեմն Արայիկ Հարությունյանի ժպտադեմ լայվը չէր կարող քաղաքը ամեն գնով ու արդեն հայության ջանքերով փրկելու մտադրության դեպքում ձայնագրվել ցերեկը ու հեռարձակվել գիշերը… Հետևաբար, արդյո՞ք պաշտոնական Երևանը հրաժարվել է օգնել Արցախին պաշտպանել Բերձորը, «նվաճվող» Շուշին ու վտանգված Ստեփանակերտը: Զարգացումների ու հարցերի այս շղթայի դեպքում դա ինչ-որ այդպես չի երևում…

Բայց արժե հիշել, որ պատերազմից հետո Արայիկ Հարությունյանը հորդորեց դավաճաններ չփնտրել ու չթաքցրեց զայրույթը, որ Արցախի պետական այրերը, պետական մարմինների զինապարտ աշխատակիցները մեծ մասշտաբով առաջին իսկ օրից ընտանիքները Երևան տեղափոխելու պատրվակով չեն վերադարձել Արցախ ու չեն պաշտպանել այն… Հավանաբար այս զրույցն ավելի մեծ թափով քննարկվել է Արցախում, այդ օրհասական օրերին, և հասկացել են, որ մեղավորների փնտրտուքում այդ հարցը չի շրջանցելու…Իսկ Արայիկ Հարությունյանը դրա մասին խոսեց… Եվ ահա, հրապարակվում է ձայնագրություն, թե Արցախն անպաշտպան է մնացել ոչ թե նշված ու այլ պատճառներով, այլ որ Երևանի իշխանություններն են իբրև թե հրաժարվել օգնել…

Այս ձայնագրությունն առաջին հերթին Արայիկ Հարությունյանի դեմ է, որովհետև կարծես թե պարզ է, թե ինչպիսին կլինի արձագանքը Երևանից… Մինչդեռ Ստեփանակերտից արձագանքի պրոբլեմ լինելու է… Արայիկ Հարությունյանը հաստատելու դեպքում պետք է ապացուցի, որ Երևանից հրաժարվել են օգնել ծանր վիճակում գտնվող Արցախին, ինչի մեսսիջը հրամանատարը իր մտահոգ լայվով արդեն ստեղծել էր, ու դա ապահովագրել իր կողմում ապահովելով դա կիսահաստատող (որովհետև ձայնագրության մեջ էլ դա հաստատված փաստ չէ, այլ «եթեական» ձևակերպում և հարց) խոսակցության ձայնագրությունը կողքից…

Սպասենք Արայիկ Հարությունյանի արձագանքին, որից պարզ կլինի կատարվող ու ձայնագրության նպատակը, այն տարածողների՝ այժմ հետապնդած նպատակը…Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ Արցախ-Հայաստան սեպ է խրվում ու կա ցանկություն Ստեփանակերտին հակադրել Երևանին… Ո՞ւմ կողմից: Իսկ եթե ամեն ինչ ճիշտ է ասված, ապա Երևանում իշխանությունները պրոբլեմ կունենան…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.