Աստված պատժել է մեզ՝Փաշինյանին բերելու համար…

Հարցազրույց քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի հետ

— Փաշինյանի խոսնակը երեկ ասաց, որ նոյեմբերի 30-ի հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ վարչապետ Միշուստինը հայկական կողմին տեղեկացրել է, թե համաճարակային իրավիճակից ելնելով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կկայանա հեռավար եղանակով, ուստի Փաշինյանը չի մեկնի ՌԴ։ Մինչդեռ հայտնի է, որ նիստի հեռավար լինելու մասին տեղեկացված էին վաղուց։ Հնարավո՞ր է, որ այսկերպ ռուսական կողմը հասկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում։

— Դե, նա անգամ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմանների վրա, նա ընդհանրապես խաղից դուրս վիճակում է։ Ուստի ծիծաղելի կլիներ, որ մասնակցեր ինչ-որ լուրջ մարդկանց լուրջ միջոցառման։ Փաստորեն, սա սիգնալներից մեկն էր, որ փասափուսեդ հավաքի ու․․․ ժամանակն է։ Ինչքան շուտ ու քիչ աղմուկով, այնքան լավ ու անվտանգ։ Ես նախորդ հարցազրույցի ժամանակ ասել էի, որ բոլորը նրան արհամարհում են, եւ նա, իհարկե, նա нерукопожатный … ձեռքսեղմման ոչ ենթակա անձ է։ Այդպես է, եւ նա, փաստորեն, մի սեղանի շուրջ լուրջ մարդկանց հետ նստելու հնարավորություն չունի։ Անգամ նվաստացուցիչ է բոլորի համար նման մարդու հետ գործ ունենալը։ Ցավոք, ինքը դա չի հասկանում։ Չի հասկանում նաեւ, որ ինչքան երկար է մնում, այնքան պրոբլեմներ է առաջացնում հայկական պետականության համար, որովհետեւ հայկական պետականությունը չի կարողանում մի նորմալ մարդու միջոցով իր հարցերը քննարկել եւ լուծումներ գտնել, որովեհտեւ ինքն արդեն դրան ընդունակ չէ։ Նրա հետ որեւէ մեկը որեւէ լուրջ հարց չի քննարկի։

— Իրեն բաց տեքստով, օրը 24 ժամ ասում են՝ հեռացիր, ՌԴ-ն ի՞նչ ակնարկներ է անում։

— Ժողովուրդը, այն տականքը, որ նրան բերեց, այ, այդ մարդիկ էլ պետք է գան․․․ բայց նրանց մեծ մասն այնքան էշացած է, որ․․․ կգա սով, կգա ցուրտ ու հազար ու մի արհավիրք, գումարած պետականության կործանումը, Արցախի մեծ մասի կորուստը, այդքան զոհերը․․․ Երբ այս ամենը գումարվի, օխլոսը երբ անմիջապես զգա այդ խնդիրները՝ ուտելու, տաքանալու եւ այլն, գուցե այդ ժամանա՞կ նրանց գլուխը մտնի, որ պետք է դուրս գան ու այդ մարդուն նետեն աղբանոց։ Այդ մարդիկ, որ իրեն իրենց գլխի վրա իշխանության էին բերում, լցրել էին ամբողջ հրապարակն ու ողջ հանրապետությունը, կաթվածահար արել երկրի քաղաքական ու տնտեսական կյանքը, այսօր այդ մարդիկ չեն կարողանում մի 10 հազար հոգով հավաքվել, որպեսզի ստիպեն այդ վարչապետին, որպեսզի ազգի ու պետության համար հնարավորություն բացվի, ու կյանքը գոնե մի նորմալ հուն մտնի։

— Բայց Հայաստանում շատերը տպավորություն ունեն, որ ՀՀ վարչապետը ձեռնտու է Պուտինին, ում օգնությամբ իրագործում է իր երկրի շահերը՝ «կեսը՝ Ադրբեջանին, կեսը՝ Ռուսաստանին» սկզբունքով։

— Ես ունեմ այդ ամեն ինչի իմ պատկերացումը։ Պուտինն այդպիսի գաղափար չի ունեցել․ կեսը՝ Ադրբեջանին, կեսը՝ Ռուսաստանին։ Պուտինը միշտ եղել է շատ հետեւողական, եւ դա միշտ ձեւակերպվել ու ներկայացվել է նախարար Լավրովի կողմից։ Եվ բոլորի համար հասկանալի է եղել, որ 5 շրջանները պետք է վերադառնան, 2 շրջանի հարցն էլ պետք է լուծվեր՝ Ղարաբաղի ընդհանուր կարգավիճակի համատեքստում։ Լավրովը դա չէր թաքցնում, նրանք ասում էին՝ դե, կարելի է առժամանակ կարգավիճակն անորոշ վիճակում թողնել, բայց, իհարկե, պետք է լինեն երաշխիքներ, որպեսզի միջազգային համայնքը դառնա երաշխավոր, այդ տարածքները վերադարձնելուց հետո այդտեղ ապրող մարդիկ լինեն պաշտպանված, նույնիսկ եթե ֆորմալ իմաստով կարգավիճակի հարցը ձգձգվեր, անգամ՝ տասնամյակներով։ Այսինքն՝ Ռուսաստանը բոլոր տարբերակներով հնարավորություն ուներ տարածքում իր ներկայությունն ապահովելու։

— Մշտապես ասվել է, որ Ռուսաստան-Հայաստան բարեկամությունը ոչ թե քաղաքական առաջնորդների միջեւ է, այլ՝ ժողովուրդների։ Բայց տպավորություն է, թե Պուտինը պատժում է հայերին՝ Փաշինյանի համար։ Այսինքն՝ շատ հարցեր, որ կարող էին հայանպաստ լուծում ստանալ, չստացան՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի, բայց իրականում՝ ի հեճուկս ողջ հայ ազգի։

— Նման սենտիմենտալ պահերը կարող են լինել պրոպագանդայի մակարդակով, բայց քաղաքականության մեջ, ցավոք, պետական ղեկավարներն ու քաղաքական գործիչները հետեւում են իրենց շահերին։ Այս դաշտում սետիմենտների ու էմոցիաների տեղ չկա։ Համակրանքն ու հակակրանքը՝ համակրանք ու հակակրանք, բայց դրա հետ միասին անհրաժեշտ է լուծել տարածաշրջանի կարեւոր հարցերը։ Բայց այն պարտնյորը, որը քեզ չի հասկանում, որը համագործակցության չի գնում, այդ պարտնյորի վրա ճնշում են գործադրում, որ, ի վերջո, գնա դրան։ Ես ասել էի ու կրկնում եմ՝ ես կարծում էի, որ ՌԴ-ն սա գիտի ու գուցե պատժի Փաշինյանին, բայց Հայաստանը չի ունենա նվաստացուցիչ պարտություն։ Ու ես անգամ ասել էի, որ այդ զորքը պետք էր մտցնել նոյեմբերի 9-ից 3 շաբաթ առաջ։ Հետո իմացա, որ հենց 3 շաբաթ առաջ էլ, այսինքն՝ հոկտեմբերի 19-20-ի առավոտյան եղել է այդ առաջարկը։ Եթե ընդունվեր այդ առաջարկը, որն արել էր Պուտինը Փաշինյանին, ապա Շուշին էլ կմնար, ստատուսի հարցը նորից կլիներ օրակարգում։ Այսինքն՝ կլիներ ռեալիզացիան էն պլանի, որը ՌԴ-ն առաջարկում էր։ Ի դեպ, համանախագահներն էլ դա պաշտպանում էին, եւ հայկական կողմն էլ դեմ չէր։ Միակ տարբերությունը, որ կար հայկական ու ռուսական կողմերի միջեւ, այն էր, որ հայկական կողմը ցանկանում էր, որ փաթեթով լուծված լինի նաեւ կարգավիճակի հարցը։ Ի սկզբանե, հետագայում էլ իմպելեմենտացիա լինի եւ այլն։ Բայց դե՝ ո՞վ կմտածեր։ Անգամ Պուտինն ապշած էր մնացել ու դրա մասին անկեղծորեն ասաց, որ ապշել է՝ ստանալով բացասական պատասխան, որ՝ «չէ, մենք պետք է շարունակենք կռվել»։ Այն դեպքում, երբ պատերազմի 4-րդ օրը իր Գլխավոր շտաբի պետն ասել էր՝ չենք կարող կռվել, չունենք անհրաժեշտ ռեսուրսներ։ Բայց այդ հոգեկան հիվանդ մարդը, որ ղեկավարում է երկիրը, այդպիսի արհավիրքի տարավ։ ՌԴ-ին, հավատացնում եմ, պետք չէ հայաթափված Ղարաբաղ։ Իսկ այդ ձգձգված 3 շաբաթների ընթացքում արդեն խուճապ էր, ու մարդիկ հեռանում էին թե՛ Ստեփանակերտից, թե՛ այլ վայրերից։ Պատահական չէ, որ Պուտինը ներկայացնելու ժամանակ, թե ինչ կատարվեց, ասաց, որ մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց ոչինչ չի սպառնում, իրենց անվտանգությանը, ու ակնարկեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի մասին, որ ՌԴ-ի կողմից դրանց ճանաչումը նրա համար էր, որ նրանք իրենց ավելի անվտանգ զգային։ Ես, օրինակ, դրանից հետեւություն արեցի, որ դա Ադրբեջանին ու Թուրքիային ուղերձ էր, որ, իհարկե, իրենց զորքերի այնտեղ մնալու իմաստը կորում է։ Ռուսաստանն էլ այնտեղ շատ մեծ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ունի։ Իսկ ժողովուրդն էլ, վստահաբար՝ կվերադառնա, եթե լինի ճանաչում, որովհետեւ սա իրենց տալու է զգացողություն, որ ապահովված են լինելու՝ պաշտպանված։ Սա շատ կարևոր է հաղորդակից անոթի իմաստով, որովհետև եթե Արցախը հայաթափվի, ժողովուրդը հետ չվերադառնա, ապա առ ժամանակ անց Ադրբեջանը, Արևմուտքը հնարավոր է հարց տան՝ իսկ ո՞րն է այդ տարածքում ռուս խաղաղապահների մնալու իմաստը։

Այնպես որ, այստեղ որեւէ մեկին մեղադրելու խնդիր չկա։ Մեր ժողովուրդը շատ է սիրում մեղքը սրա-նրա վրա գցել, փոխանակ մեղքն իր վրա վերցնի։ Մենք ենք մեղավոր, որ մի աննորմալ էշի բերել ենք իշխանության ու հիմա էլ պատժվել ենք Աստծո կողմից, այ, մեր էշության համար։ Այ, սա պետք է լինի, պետք է ապաշխարենք ու պետք է գլուխներիս մոխիր լցնենք, որ կարողանանք մեր սխալների վրա գոնե մի բան սովորենք։ Մինչեւ ժողովրդի հիմնական մասը չունենա պատասխանատվության զգացողություն, էս ժողովուրդը պետության արժանի չէ։ Այ, սա է այդ դասը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.